Բջջային հեռախոսակապի բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգվեց մինչեւ մարտի 1-ը

Կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր կայացած նիստում համապատասխան փոփոխություն կատարեց «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» իր որոշման մեջ, որում սկզբնապես սահմանված ժամկետը մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ն էր:

«Մենք որոշել էինք այս գործընթացն ավարտել մինչեւ տարվա վերջ, սակայն կերկարաձգենք մինչեւ 2008-ի մարտի 1-ը», - ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ նախազգուշացրեց, որ ժամկետի երկարաձգումներ այլեւս չեն լինելու:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ, չնայած նոր ժամկետին, «միեւնույն է, այսօրվա հերթերը չեն պակասի. հիմա բոլորը կհանգստանան ու էլի ամեն բան կթողնեն վերջին օրվան, իսկ փետրվարից մինչեւ մարտի 1-ը նորից մեծ հերթեր կգոյանան սպասարկման կենտրոնների առաջ»:

Պայմանագրերը վերակնքվում են մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ:


Այն հարցին, թե ի՞նչ իրավական հետեւանքներ կարող են լինել մինչեւ մարտի 1-ը բջջային օպերատորների հետ պայմանագիր չկնքած բաժանորդների համար, «ԱրմենՏել»-ի կազմակերպչական հարցերով տնօրեն Հայկ Ֆահրամազյանը արձագանքեց. - «Դեռեւս իրավական հետեւանքները հստակ չեն` թե ի՞նչ է լինելու այն բաժանորդներին, ովքեր վերջին ժամկետին չեն հասցնելու: Այսինքն, իրավական հետեւանք որոշումը դեռեւս չի նախատեսում: Անջատելը, այսինքն` հեռախոսագծից զրկելը իրավական հետեւանք է, որն առայժմ որեւէ օրենսդրական կամ իրավական ակտով նախատեսված չէ: Կա պարտավորություն երկու օպերատորների` գրանցել այս ժամկետում, բայց թե հետո ի՞նչ է լինելու` հստակ չէ եւ պետք է կարգավորվի այլ օրենսդրական ակտերով»:


Ռուբեն Մելոյան