Մշակույթի, գիտության եւ սպորտի մի խումբ գործիչների շնորհվել են պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրերով պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ են շնորհվել մշակույթի, գիտության եւ սպորտի մի խումբ գործիչների:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են Երեւանի պետհամալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն աբրիելյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը եւ Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Գալոյանը:

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանը, Ժողովրդական նկարչի` քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

Արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել, մասնավորապես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանին, դաշնակահար Լեւոն Մալխասյանին, Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, կինոռեժիսոր Վաղարշակ Չալդրանյանին, մշակույթի վաստակավոր գործչի` գրող Ալվարդ Պետրոսյանին:

Շնորհվել են նաեւ վաստակավոր արտիստի, գիտության վաստակավոր գործչի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ: