Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակավայրերը՝ աշխարհի 10 ամենաաղտոտված վայրերի ցուցակում

Ադրբեջանի Սումգայիթը, Ռուսաստանի Ձերժինսկը եւ Նորիլսկը, ինչպես նաեւ ուկրաինական Չերնոբիլը ընդգրկվել են աշխարհի 10 ամենաաղտոտված վայրերի ամենամյա ցուցակում. որը կազմել է Նյու Յորքում գտնվող Բլաքսմիթի ինստիտուտը:

Աշխարհի 10 ամենաաղտոտված բնակավայրերի ցուցակում են նաեւ Չինաստանի Լինֆեն եւ Տյանյին, Հնդկաստանի Սուկինդա եւ Վապի, Պերուի Լա Օրոյա եւ Զամբիայի Քաբվե բնակավայրերը:

Սումգայիթն առաջին անգամ է ընդգրկվում 10 ամենաաղտոտված բնակավայրերի ցուցակում: Այդ քաղաքում, որտեղ ապրում է 275 հազար մարդ, նավթաքիմիական եւ այլ ձեռնարկությունների արտանետումների պատճառով քաղցկեղով հիվանդացությունը 50 տոկոսով ավելի է, քան ընդհանրապես աշխարհում: