«Ընդդեմ վարկաբեկման միության» տարածաշրջանային կառույցի տնօրենը վերականգնվել է իր պաշտոնում

ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը իր Նոր Անգլիայի տարածաշրջանային կառույցի տնօրենի պաշտոնում երեկ վերականգնել է Էնդրյու Թարսիին, ով մեկ շաբաթ առաջ պաշտոնանկ էր արվել` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, Թարսին վերադարձել է իր պաշտոնին կազմակերպության համաամերիկյան տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի հետ զրույցից հետո:

Թարսիի պաշտոնանկությանը հետեւած քննադատությունից հետո, որը հնչում էր ինչպես ամերիկահայ, այնպես էլ հրեական շրջանակներից, Ֆոքսմանը հայտարարել էր, որ 20-րդ դարասկզբին հայերի կոտորածները, «անշուշտ, հավասարազոր էին ցեղասպանությանը»:

Միաժամանակ, նա ասել էր, որ հրեական իրավապաշտպան կազմակերպությունը չի սատարելու ներկայումս Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, համոզմունք հայտնելով, թե այն «ապակառուցողական է եւ չի նպաստի թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցմանը»:

Երկուշաբթի օրը «Բոսթոն գլոբ» թերթին տված հարցազրույցում Ֆոքսմանը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում իրենց միջեւ կայացած խոսակցություններից հետո ինքը եւ Թարսին համակարծիք են. - «Եվ մեր զրույցից հետո ես որոշեցի վերական•նել նրան: Եվ ուրախ եմ, որ նա վերադառնում է»:

Կազմակերպության տարածաշրջանային կառույցի վարչությունը միաձայն հորդորել էր Ֆոքսմանին` վերականգնել Թարսիին իր պաշտոնում:

Էնդրյու Թարսին, իր հերթին, երեկ հայտարարել է, որ «ուրախ է վերադառնալ իր աշխատանքին»:

«Հպարտ եմ, որ «Ընդդեմ վարկաբեկման միություն»-ը շատ էական փոփոխություն կատարեց բարոյական նշանակություն ունեցող հարցում` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը այնպիսին, ինչպիսին այն եղել է», - ասել է Թարսին:

Նա նշել է, որ կազմակերպության ղեկավար մարմինը Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալու է նաեւ նոյեմբերին կայանալիք հավաքում:

Աբրահամ Ֆոքսմանը անցած շաբաթավերջին «Ջերուսալեմ փոստ» թերթին ասել էր, որ «Ընդդեմ վարկաբեկման միություն»-ը նոյեմբերի 1-ի իր հավաքում հստակեցնելու է իր վերաբերմունքը Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ: