Իրանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հակամարտությանը

Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում անդրադարձ կա նաեւ Lեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին երեքշաբթի երեկոյան Բաքվում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Նախագահների ստորագրած համատեղ հայտարարության մեջ համաձայնեցրել ենք մեր համագործակցության սկզբունքները: Կարեւոր է, որ հայտարարության մեջ կա նաեւ ղարաբաղյան խնդրին վերաբերող կետ: Իրանը միանշանակ պաշտպանում է այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը` համարելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Իր հերթին անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել է, թե «դրանք բոլորը պետք է լուծվեն բանակցությունների, իրավական ճանապարհով»:

«Նա, ով ստեղծում է հակամարտություններ, դրանց կարգավորման համար բռնություն է կիրառում` հանդես չի գալիս խաղաղության ու արդարության դիրքերից: Իրանը խաղաղության, կայունության եւ բոլոր ազգերի իրավունքները հարգելու կողմնակից է: Մենք դեմ ենք միջազգային մակարդակով ցանկացած բռնությանը: Մարդիկ պետք է լուծեն բոլոր հարցերը իրավական ճանապարհով», - հայտարարել է Իրանի նախագահը:

Իրանական կողմի հետ բանակցություններին մասնակցած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, թե սեպտեմբերի 3-4-ը Բրյուսելում կայանալու է իր հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ: «Առաջարկություն կա, որ համանախագահները սեպտեմբերի կեսերին այցելեն տարածաշրջան, նախ` Երեւան, հետո` Բաքու: Համանախագահների հետ իմ հանդիպման ընթացքում կհստակեցվի` արդյոք գոյություն ունի՞ [Հայաստանի եւ Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպման անհրաժեշտություն», - APA գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը` հավելելով, թե «առաջարկություններն ու սկզբունքները անփոփոխ են, բայց միշտ կան գաղափարներ»:

Արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին արած առաջարկին: Նա շեշտել է, թե Ադրբեջանի եւ Իրանի նախագահների բանակցությունների ընթացքում այդ հարցը չի արծարծվել, սակայն հայտնել է, որ սեպտեմբերին Բաքվում կայանալու են Գաբալայի հարցով Ադրբեջան - ԱՄՆ - Ռուսաստան խորհրդատվություններ:


Ռուբեն Մելոյան, Պրահա