Մամուլի տեսություն

(շաբաթ, 18-ը օգոստոսի)

«Առավոտ»-ը հաղորդում է հինգշաբթի երեկոյան «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ «Բուռնաշի», եւ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի միջեւ տեղի ունեցած ընդհարման մանրամասները. - «Գագիկ Բեգլարյանի S կարգի «Մերսեդես» մակնիշի մեքենան, որին ուղեկցել են թիկնապահների երեք «ջիփեր», հենց օղակաձեւ խաչմերուկում թեթեւակի բախվել են Աշոտ Աղաբաբյանի «Պորշ» մակնիշի ավտոմեքենային, որին ուղեկցել է թիկնապահների մեկ «ջիփ» մեքենա: Գագիկ Բեգլարյանի երեք «ջիփերը» շրջապատել էին Աշոտ Աղաբաբյանի մեքենան: Վերջինիս թիկնապահները դուրս էին եկել «ջիփից», եւ սկսվել էր «թիկնապահական» մենամարտը: Ու թեեւ կռվի ընթացքում հրազեն չէր գործածվել, բայց եղել են մարմնական վնասվածքներ ստացողներ: Հետաքրքիրն այն է, որ կռվողներին իրարից բաժանել էր պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Դեպքի մասին ահազանգ է ստացվել Հայաստանի ոստիկանության հերթապահ ծառայություն, սակայն ահազանգը չի գրանցվել»:

«Հայկական ժամանակ»-֊ը նկարագրում է, թե ով որտեղ եւ ինչպես է հանգստանում. - «Վարչապետ Սերժ Սարգսյանը իր ամառային արձակուրդն անցկացնում է Եվրոպայի ամառային մայրաքաղաքը համարվող Բադեն-֊Բադենում: Իսկ Բադեն֊-Բադենը, ինչպես թերեւս շատերին է հայտնի, աշխարհի ամենահայտնի եւ հեղինակավոր հանգստավայրերից մեկն է, որտեղ հանգստանում են տարբեր երկրների էլիտայի ներկայացուցիչները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա հետ է նաեւ Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը: Ոչ պակաս ուշագրավ են նաեւ այս քաղաքի կազինոները: Իսկ կազինո գնալը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի թուլություններից է: Այս քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենահին կազինոներից մեկը, որտեղ ժամանակին եղել են անգամ ռուս դասականներ Տոլստոյը, Դոստոեւսկին եւ Գոգոլը, եւ հիմա, թերեւս, նաեւ Սերժ Սարգսյանը: Իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ մեկնել է արձակուրդ: Այն տեւելու է մեկ շաբաթ: Ի դեպ, Օսկանյանն իր արձակուրդը անցկացնելու է Հունաստանում»:

«Հայոց Աշխարհ»֊-ը այսպես է նկարագրում նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանները. - «Միայն հիշե՛ք, - ասաց բարի փերին, - հենց որ ժամացույցը զարկի տասներկու անգամ, պատգամավորության խոստումնալից թեկնածուները կվերածվեն արտոնություններ ու պաշտոններ տենչացող ընտրյալների, նրանց հեծանիվները՝ «մերսեդեսների», խրճիթները՝ շքեղ առանձնատների, խոստումները՝ թղթի կտորների, իսկ դուք լավ կյանք փափագող ընտրազանգվածից կվերածվեք մշտապես ոտքի տակ ընկնող ու բոլորին խանգարող ժողովրդի»։

Նույն թերթը այսպես է բնորոշում ՀՀՇ-ականներին. - «Պարզվում է՝ 10 տարի շարունակ քաղաքական դաշտի լուսանցքում անփառունակ գոյություն քարշ տվող եւ միայն դեպքից դեպք՝ ընտրությունից ընտրություն, ազգիս համար «ճակատագրական» պահերին ընդդիմության հեղափոխական զորաշարժերն ընդհատակից ուղղորդել փորձող հհշական այրերը տղամարդ են՝ խոսքի տերն են. անգամ կես միլիմետր չեն նահանջել «համազգային» ցինիզմի դիրքերից եւ այսօր էլ հանդես են գալիս «մեր դեմ խաղ չկա» շինիչ մեկնակետից։ Սրանք ոչ միայն մոռացել են անցյալի քաջագործությունները, այլեւ, իրենց՝ հայտնի երկարականջ կենդանու, ժողովրդին՝ հիմարի տեղ դնելով, պարծենում են ՀՀՇ-ի իշխանավարման տարիներին ժողովրդի դեմ տարած պանծալի հաղթանակներով։ Ո՞ւմ նկատմամբ։ Սեփական ժողովրդի՞»։

«Նա պարտավոր է վերադառնալ»՝ այս վերնագրի ներքո «Հայք»֊-ը ներկայացնում է Հայաստանի վաստակավոր ուսուցիչ եւ Էջմիածնի «Ներսիսյան» վարժարանի հիմնադիր֊-տնօրեն Համլետ Նահատակյանի խոսքը. - «Երկիրը կարող է խելքի բերել միայն Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն: Միայն նա կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից: Կան այնպիսիները, որոնք մեծ հեղինակություն ունեն: Բայց Լեւոն Տեր-֊Պետրոսյանի գալը կօգնի նրանով, որ նրան կլսեն բոլորը, նա միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ունի: Ես հպարտանում էի, որ մեր նախագահը որտեղ գնում էր, հայ ժողովրդի ու նորաստեղծ հայկական պետության վարկանիշը բարձրանում էր: Մենք չհասկացանք նրա մեծությունը»:


Արմեն Դուլյան