Լուիշ Ամադու. «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել տեսանելի ապագայում»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարելի է հասնել տեսանելի ապագայում` բոլոր շահագրգիռ կողմերի լիակատար ներգրավմամբ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Լուիշ Ամադուն` երեկ Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի առջեւ:

Համաձայն ԵԱՀԿ-ի հաղորդագրության, Ամադուն ասել է նաեւ, որ «Եվրամիությունը սատարում է Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տեւական հակամարտություններին խաղաղ լուծում գտնելու` ԵԱՀԿ-ի ջանքերին»:

Այսօր Վիեննայում նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ժամանակ կշարունակվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ խորհրդակցությունները եւ կքննարկվեն երկու օր առաջ Փարիզում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հանդիպման արդյունքները:

Ակնկալվում է, որ Վիեննայի հանդիպումից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: