«Ազատություն» ռադիոկայանի հետ կապված վիճահարույց օրինագծերի քվեարկությունը կկայանա վաղը

Հայաստանի Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների լրամշակման վերաբերյալ օրինագծերի քննարկումը, որոնց քվեարկությունը կկայանա վաղը:

Ըստ որոշ փորձագետների ու հայաստանյան քաղաքական գործիչների, օրինագծերի կիրարկումը կարող է խիստ սահմանափակել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունները:

Բուռն անցած քննարկումների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց. - «Ով որ կողմ կքվեարկի, ինքը չի սիրում ազատությունը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց իր անձնական տեսակետը. - «Մեր երկրի, մեր պետության շարքային բոլոր քաղաքացիների ազատությունը այսօր հարվածի ենթակա է: «Ազատություն» - խոսք – ռադիո – քաղաքացի, վաղը-մյուս օրը` Արցախ, եւ Հայաստանի սահմաններ - անվտանգություն. ուղիղ կապ է»:

Եղան բազմաթիվ առաջարկություններ` օրինագծերի քվեարկությունը հետաձգել մինչեւ սեպտեմբեր, ընդունվելու դեպքում օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել ընդունվելուց հետո մեկ տարին, որպեսզի չդիտվի, թե սա փորձ է նախագահի ընտրություններից առաջ լռեցնելու անկախ լրատվամիջոցը:

Այդուհանդերձ, ինչպես իր ելույթում ասաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ակնհայտ է, որ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում է ընդունել փակել «Ազատություն» ռադիոկայանը»:

Օրինագծի հեղինակները առաջինից երկրորդ ընթերցում այնպիսի ձեւակերպումներ են սահմանել, որ օրենքը վերաբերի «Ազատություն» ռադիոկայանին:

«Միացյալ Նահանգները 1990 թվականից սկսած Հայաստանին տրամադրել է ավելի քան 3 միլիարդ դոլար օգնություն: «Ազատություն» ռադիոկայանի կողմից ցուցաբերված օգնությունը դա հումանիտար օգնություն է... Եթե դուք հրաժարվում եք «Ազատություն» ռադիոկայանից, ուրեմն ընդհանրապես հրաժարվեք Միացյալ Նահանգների ցուցաբերած ընդհանուր հումանիտար օգնությունից», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:


Ռուզան Խաչատրյան եւ Աստղիկ Բեդեւյան