Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումը

Հայաստանի Սահմանադրական դատարանը կիրակի օրը հրապարակած որոշմամբ մերժեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումը եւ անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 19-ին ընդունած որոշումը համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին:

Դատարանի որոշման մեկ այլ կետով, մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովների արձանագրություններում կատարված փոփոխություններին առնչվող նյութերն ուղարկվելու են գլխավոր դատախազություն` լրացուցիչ քննության:

Դատարանն արձանագրել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց դիմող կողմի փաստարկները եւ պատասխանող կողմի հակափաստարկները:

Նա ընդգծեց, որ չնայած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, օրենսգրքում, այնուամենայնիվ, կան որոշ բացթողումներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերում:

Սահմանադրական դատարանի նախագահի նշած խախտումներից մի քանիսն արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները` իրենց միջանկյալ զեկույցներում:

Սահմանադրական դատարանի 47-էջանոց որոշման հրապարակմանը հոտնկայս հետեւեցին դատարանի անդամները եւ ներկաները:

Դիմող կողմից ոչ ոք ներկա չէր, իսկ պատասխանող կողմից դահլիճում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները` հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի գլխավորությամբ, արդարադատության նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանը, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Ընդդիմությունը պնդում է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ են տրվել զանգվածային խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքները:


Հովհաննես Շողիկյան