Պուտինը Բուշին առաջարկում է համատեղ օգտագործել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը

Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում երեկ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին առաջարկել է որպես հակահրթիռային պաշտպանության միջոց համատեղ օգտագործել Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը:

«Մենք ուշադրությամբ լսեցինք ամերիկյան կողմի առաջարկները եւ ներկայացրեցինք մերը. առաջինը հենց Գաբալայի ռադարն օգտագործելն է: Ես այդ մասին երեկ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, եւ մենք համաձայնության ենք եկել», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դա հնարավոր է անել ավտոմատ ռեժիմով, եւ այդ դեպքում հակահրթիռային պաշտպանության համակարգը կծածկի արդեն ոչ թե Եվրոպայի մի մասը, այլ ամբողջ տարածքը:

«Մենք Ջորջի հետ համաձայնության եկանք, որպեսզի մեր մասնագետները շատ արագ սկսեն այդ աշխատանքները: Հուսով ենք, որ այդ բանակցությունները չեն ծառայի որպես ծածկույթ, որի հետեւում միակողմանի գործողություններ ծավալվեն», - ասել է Պուտինը` վստահեցնելով. - «Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան բաց եւ թափանցիկ համագործակցեն հակահրթիռային ծրագրի շուրջ, բոլոր խնդիրները բարեհաջող կլուծվեն»:

Բուշը, իր հերթին, հանդիպումը որակել է կառուցողական` հայտնելով, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները որոշել են ռազմավարական երկխոսություն սկսել` հակահրթիռային ծրագրի խնդիրներով զբաղվող ռազմական կառույցների եւ դիվանագետների մասնակցությամբ:

«Պուտինը հետաքրքիր առաջարկ արեց, եւ արդյունքում որոշեցինք սկսել լուրջ երկխոսություն», - ասել է նա: - «Դա հնարավորություն կտա լիարժեք հասկանալ այն տեխնոլոգիաները, որոնք պետք է կիրառվեն հակահրթիռային համակարգի ստեղծման ժամանակ, եւ նաեւ` հասկանալի կդառնան համագործակցության բոլոր հնարավորությունները»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա