Ռոբերտ Քոչարյան. «Անցած չորս տարիներն ամենից արդյունավետ տարիներն էին Հայաստանի համար»

«Անցած չորս տարիներն ամենից արդյունավետ տարիներն էին Հայաստանի համար եւ առանձնացել են արդյունավետ բարեփոխումներով, աննախադեպ տնտեսական աճով, ինչը հնարավորություն է ստեղծել էական հարցեր լուծելու սոցիալական ոլորտում», - հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներկայիս կառավարության` այսօր կայացած վերջին նիստի ժամանակ:

«Վերջին ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ մենք պատրաստ ենք եւ ի վիճակի ենք ժողովրդավարացման գործում եւս լուրջ հաջողություններ ունենալ: Եվ այս բոլորի մեջ դուք՝ կառավարության անդամներդ, այս կառավարությունը, ունեք ձեր ներդրումը եւ կարող եք դրանով հպարտանալ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը` հավելելով. - «Իհարկե, համաչափ չեն հաջողությունները տարբեր ոլորտներում, եւ հպարտության զգացումը տարբեր նախարարների մոտ նաեւ տարբեր աստիճանի պետք է լինի»:

Նախագահը ընդգծել է արձանագրված հաջողություններում հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի էական ներդրումը:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «ոչ բոլոր ուղղություններով էին բարեփոխումների ծավալը եւ խորությունն այն չափի, որը ցանկալի էր»:

«Կյանքի որակի բարելավումը եւս համաչափ չէր Հայաստանի ամբողջ տարածքում: Կարծում եմ, սրանք այն խնդիրներն են, որոնցով պետք է զբաղվի հաջորդ կառավարությունը», - ասել է նախագահը: - «Չեմ կասկածում, որ հաջորդ կառավարությունը եւս արդյունավետ է աշխատելու, բոլոր նախադրյալները կայուն զարգացման համար երկիրն ունի: Ակնհայտ է, որ կառավարությունն ունենալու է խորհրդարանում համոզիչ մեծամասնություն, հենարան, որը հնարավորություն է տալու ավելի ակտիվ կառավարել երկիրը եւ ավելի ակտիվ բարեփոխումներ իրականացնել տարբեր ուղղություններով»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ասելով. - «Ձեզանից մի մասը շարունակելու է աշխատել գործադիրում, մի մասը գնալու է խորհրդարան, եւ համոզված եմ, որ այստեղ ձեռք բերած գիտելիքները, նաեւ՝ ձեր փորձը, շատ օգտակար կլինեն օրենսդիրում աշխատելու համար»: