Հայաստանում ձերբակալվել են սպանության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի երկու քաղաքացիներ

Վերջին մի քանի օրերին Հայաստանում ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք վրաց իրավապահների կողմից հետախուզվում էին սպանություն կատարելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով:

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, hունիսի 2-ին Տավուշի մարզի Պտղավան գյուղից Հայաստանի ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել Վրաստանի 24-ամյա քաղաքացի Կախա Սիխարուլիձեն, ով հիշյալ մեղադրանքով հետախուզվում էր Թբիլիսի քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության կողմից, իսկ հունիսի 4-ին Երեւանի Արաբկիր թաղամասի բնակարաններից մեկից` 26-ամյա Խանիկ Կասոեւը:

Սիխարուլիձեն ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի եւ Բագրատաշենի բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կասոեւը` Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզական բաժնի աշխատակիցների եւ Թբիլիսի քաղաքի կրիմինալ ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով: