Վազգեն Մանուկյան. «Քոչարյանը չօգտվեց իրավիճակը փոխելու եզակի հնարավորությունից»

Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) ընդդիմադիր կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանին նշանակելով վարչապետ, նախագահ Քոչարյանը «սխալ վարվեց»` բաց թողնելով «իրավիճակը փոխելու եզակի հնարավորությունը»:

«Սերժ Սարգսյանի նշանակումով ոչ մի բան չի փոխվի. ոնց կար, այդպես էլ կմնա», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Մանուկյանը: - «Ռոբերտ Քոչարյանը կարող էր օգտագործել այս առիթը գոնե մի փոքր փոփոխություն մտցնելու համար, բայց ամեն ինչ մնա նույնը: Կառավարման ձեւերը, տնտեսական մտածողությունը, գրագիտությունը մնում է նույնը»:

Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ` «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նույնպես որեւէ փոփոխություն չի սպասում:

«Երկրի իրական տերերը անցած 8 տարիների ընթացքում եղել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Այնպես որ, որեւէ փոփոխություն ուժերի իրական դասավորվածության մեջ չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը:


Աստղիկ Բեդեւյան