Մամուլի տեսություն

«Հոգեբանական ճնշում» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրել է. - «Այն, որ ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ քաղաքացիների անձնագրերի հավաքման գործընթացը Հայաստանում զանգվածային բնույթ է ստացել` երեկ փաստեց նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը»: Իսկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը թերթի թղթակցի հետ զրույցում փաստել է. - «Անձնագրերի հավաքման պրոցես տեղի է ունենում զանգվածաբար եւ ամբողջ հանրապետությունում, այդ թվում` նաեւ Վանաձորում»: Նրա փոխանցմամբ, դրա հիմնական նպատակը ավելի շատ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելն է. - «Մարդկանց ասում են, որ եթե անձնագիրը տվել ես, դրանից հետո կոնկրետ այս կամ այն թեկնածուին պետք է ընտրես, որովհետեւ հետո ստուգելու են: Զանգված կա, որ դրան հավատում է: Անձնագրերը հավաքում են օգնություն տրամադրելու, ջրի, գազի վարձեր փակելու պատրվակով»:

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր նախընտրական զարգացումները շոշափելով, փոխանցել է .- «Իշխանական տորթը շատ փոքր է, որպեսզի մեծ հավակնություններ ունեցող նոր ուժի` «Բարգավաճ Հայաստան»-ի առկայությամբ, բոլորին չնեղացնելով, բոլորի ախորժակները հագեցնելով` տորթից բաժին հանեն ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ կառավարությունում: Մյուսները պետք է նեղ անեն-տեղ անեն նորեկի համար, ինչը քանի գնում ավելի է խորացնում դժգոհությունների նստվածքը: Երեկ հետմիջօրեին տարբեր լուրեր կային, որ գլխավոր դատախազությունում նյութեր են հավաքվում այն վարձված քիլլերների վերաբերյալ, որոնք, իբր, պետք է մահափորձ կազմակերպեին Գագիկ Ծառուկյանի դեմ: Թե ո՞ր տոկոսով կարող են այդ լուրերը համապատասխանել իրականությանը եւ ո՞ր ուղղությամբ են տանում այդ լուրերը` թողնենք ընթերցողի երեւակայությանը, մի ենթադրություն անելով միայն. ընտրություններից ամիս ու կես առաջ այնքան էլ միանշանակ վիճակ չէ, եւ հայտնի չէ, թե խուլ դժգոհություններն ո՞ւր են տանելու»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնելով, «թե Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը այցելության վերջում մեկնել է Նիս, ինչը, սակայն, «տեղի հայ համայնքի համար վերածվել է շոկային մի իրադարձության», մանրամասնել է. - «Բանն այն է, որ այցելության հաջորդ օրը համայնքում լուրեր են տարածվել, որ պատվիրակության տասը անդամներ գիշերը անցկացրել են քաղաքի կազինոններից մեկում եւ տանուլ տվել 1 միլիոն 200 հազար եվրո։ Տեղի համայնքի մի քանի հեղինակավոր ներկայացուցիչները, որոնք ընկերներ են ունեցել կազինոների փայատերերի շրջանում, հույս ունենալով, որ տարածվող լուրերը ընդամենը բամբասանքներ են, սկսել են քննել դրանք»։ Ըստ թերթի հրապարակման` «հետաքննության արդյունքները ցնցող են եղել. տարածված լուրերը նույնությամբ ճշտվել են»: Նիսի հայ համայնքի այս տեղեկատվությունը փոխնացած ներկայացուցիչը զերծ է մնացել տանուլ տվածների կոնկրետ անուններ տալուց, սակայն, ըստ թերթի, «այցի ընթացքում Քոչարյանին ուղեկցում էին Կարեն Ճշմարիտյանը, Հովիկ Աբրահամյանը, Երվանդ Զախարյանը եւ այլոք»։

Պնդելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները տնտեսության վրա էական ազդեցություն չեն ունենա` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր կանխատեսել է. - «Ենթադրվում է, որ առաջիկա ընտրությունները կլինեն, այսպես ասած, ամենաթանկը վերջին բոլոր ընտրական գործընթացներից։ Սա նշանակում է, որ շուկայում հայտնվելու է մեծ քանակությամբ դրամական զանգված, ու չի բացառվում, որ այս հանգամանքը ֆինանսական շուկայի վրա առաջ է բերում լրացուցիչ ճնշում, որն առաջիկայում գնալով կարող է մեծանալ»։ «Սակայն ամենեւին պարտադիր չէ, որ դա խորացնի դրամի արժեզրկումը», - պնդել է մեկնաբանն ու բխեցրել. - «Ապրանքային դաշտում նախընտրական շրջանում գների բարձրացում հազիվ թե տեղի ունենա. ավելին, չի բացառվում, որ առաջիկայում որոշ շուկաներում նույնիսկ արձանագրվի գների անկում»։

Փաստելով, որ տոնավաճառներում վաճառականներին «ճնշելու» համար դաժան մեխանիզմներ են գործում, «Առավոտ» թերթն այսօր բաղդատել է. - «Օրինակ, Մալաթիայի հագուստի տոնավաճառի աշխատողը, որն այսուհետեւ, բացի տոնավաճառի տնօրինությանը ամսական վճարումներ կատարելուց, պետք է նաեւ հարկային վճարումներ կատարի, անհամեմատ ավելի «ցածր դիրքերում» է, քան փողոցի մի անկյունում վարձակալական հիմունքներով կրպակ աշխատեցնող վաճառականը»: «Այդ տոնավաճառում գործում են «ստալինյան» այնպիսի դաժան կանոններ, որոնք պարզապես մարդու ուղեղում չեն տեղավորվում», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Ամենաանհավանականն այս տոնավաճառի պատժիչ մեխանիզմներն են, որոնք կիրառվում են տուգանքը վճարել չցանկացող վաճառականների նկատմամբ: Օրինակ՝ այստեղ առեւտրականներին, լինի կին թե տղամարդ՝ ստիպում են աշխատանքային օրվա ավարտից հետո 15 օր կամ մեկ ամիս (նայած, թե ինչ «մեղք» է գործել) մնալ ու ավլել տոնավաճառի հսկայական տարածքը, թափել աղբակույտը, բահով մաքրել շարքերի ձյունը»։


Ատոմ Մարգարյան