«Օրինաց երկիր»-ի նախկին պատգամավորները Ժողովրդական կուսակցության ցուցակում են

«ԱԼՄ հոլդինգ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում տեղ են գտել «Օրինաց երկիր»-ի նախկին անդամներից չորսը:

Շաբաթավերջին կայացած համագումարում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հրապարակել էր համամասնական ցուցակը: Առաջին տեղում կուսակցության նախագահն է: Առաջին վեցնյակում (հինգ տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում կուսակցությունը վեց պատգամավորական մանդատ կստանա) ընդգրկվել են «Օրինաց երկիր»-ի չորս նախկին անդամներ` Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Շահգալդյանը (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրը), SAS սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը, քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը եւ անցած շաբաթ «Օրինաց երկիր»-ից դուրս եկած Գագիկ Մխեյանը:

Տիգրան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց, նախկին օրինացերկրականները չեն անդամագրվել իր ղեկավարած կուսակցությանը:

«Մեր վեր ենք կուսակցական դիրքորոշումներից», - ասաց նա:

Իր ղեկավարած կուսակցությունը, ըստ Տիգրան Կարապետյանի, ընդդիմադիր չէ` կենտրոնամետ է: Նրա համոզմամբ, միակ ընդդիմադիրն այսօր Հայոց համազգային շարժումն է. - «Բացի ՀՀՇ-ից, բոլորը տաք տեղ են ման գալիս»:


Աստղիկ Բեդեւյան