Վրաստանը եւ Ռուսաստանը կարող են համաձայնության գալ օդային հաղորդակցության վերականգնման շուրջ

Բացառված չէ, որ Վրաստանի ու Ռուսաստանի տրանսպորտային գերատեսչությունները այսօր վերջնական համաձայնության գան երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնման շուրջ: Երկուշաբթի օրը Մոսկվայում մեկնարկած բանակցությունների առաջին փուլի ավարտին վրացական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Չխիկվաձեն ասել է, թե կողմերի միջեւ փոխըմբռնումն առկա է:

Ըստ ռուսաստանյան աղբյուրների, այժմ առկա գլխավոր տարաձայնությունը ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական դաշտում է:

Մոսկվայում պնդում են, որ վրացական ավիաընկերությունները ռուսաստանյան աէրոնավիգացիոն ծառայություններին պարտք են ավելի քան 3,5 միլիոն դոլար:

Վրաց պաշտոնյաների համոզմամբ, եթե այսօր կողմերը կարողանան համաձայնության գալ նաեւ պարտքի մարման մեխանիզմի շուրջ, ապա արդեն 10 օրից հնարավոր կլինի իրականացնել Թբիլիսի - Մոսկվա առաջին կանոնավոր չվերթը՝ անցած տարվա աշնանը երկու երկրների հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունից հետո:

Իրականություն դառնալու դեպքում սա կլինի երկրորդ քայլը` ուղղված երկու կողմերի հարաբերությունների բարելավմանը: Առաջինը Ռուսաստանի դեսպանի վերադարձն էր Թբիլիսի, ինչի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ հույս էր հայտնել, թե այն «կարող է հարաբերությունների բարելավման սկիզբ դառնալ»:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, հանդես գալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, Ռուսաստանի գործարար շրջանակներին կոչ է արել ներդրումներ իրականացնել Վրաստանում, վստահեցնելով, որ որեւէ խոչընդոտի նրանք չեն հանդիպի:

Վրաստանի իշխանությունները հուսով են նաեւ, որ 2007 թվականին աճելու է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը:

«Երկու տարի է արդեն, ինչ հայ զբոսաշրջիկները ակտիվորեն հանգստանում են Աջարիայում. այս ամառ այնտեղ մոտ 80-90 հազար հայաստանցի զբոսաշրջիկ է եղել», - ասել է Թբիլիսիի քաղաքապետը: - «Փոխարենը, ամենահայտնի լեռնադահուկային կենտրոնը` Գուդաուրին, անցած տարի պարզապես լի էր ռուսաստանցի զբոսաշրջիկներով, իսկ այս տարի նրանց թիվը նվազել է շուրջ 60-70 տոկոսով»:

Պատճառը, ըստ Ուգուլավայի, ուղիղ ավիաչվերթների բացակայությունն է. այսօր Մոսկվայից Թբիլիսի հասնելու համար պետք է նախ մեկնել Կիեւ, Բաքու կամ Երեւան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա