Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն. «Ադրբեջանի իշխանությունների քայլը բուլվարային դետեկտիվ է հիշեցնում»

«Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար, լրջորեն անհանգստացած 2006 թվականի դեկտեմբերի 20-ին հնչած՝ իրենց համար անակնկալ հայտարարությունից այն մասին, որ բացահայտվել եւ դատապարտվել է ազերի հերթական գործակալը, որոշել են պատասխան քայլ հորինել, որն իր բովանդակությամբ բուլվարային դետեկտիվ է հիշեցնում», - հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, ըստ որի, Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղի բնակիչ ոմն Արիզ Ջամալ օղլի Խալիլով իբր համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, ձերբակալվել ու դատապարտվել է «լրտեսության ու դավադիր խմբի կազմում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման» մեղադրանքով, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ընդգծում է. - «Չարչի Ջամալ օղլիի գործողությունների շրջանակը, հավանաբար հաշվի առնելով նրա «բացառիկ ընդունակությունները», ներկայացվում է շատ լայն՝ սկսած առեւտրային բնույթի «մանր հանձնարարությունների» կատարումից մինչեւ լայնածավալ ահաբեկչություն: Փորձելով իրենց հերոսին հաղորդել ամենակարողի կերպար՝ սցենարի հեղինակները սկզբում նրան են վերագրում խոշոր նավթային ենթակառուցվածքի, այնուհետեւ Բաքվի մետրոպոլիտենի պայթյունի նախապատրաստությունը, իսկ վերջում՝ չգիտես ինչու բավարարվում ինչ-որ առեւտրի կենտրոնով»:?

«Նման էժանագին հնարքները նպատակ են հետապնդում սեփական ժողովրդի մոտ հատուկ ծառայության արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծել», - հայտարարում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը եւ «հարեւան երկրի գրչակներին» խորհուրդ տալիս «դավադրության մյուս մասնակիցներին բացահայտելու համար լրջորեն ուսումնասիրել սեփական հատուկ ծառայությունների անփառունակ գործունեությունը»: