Պուտինը ամանորյա շնորհավորանքներ է հղել Քոչարյանին, Ալիեւին եւ Սահակաշվիլիին

Գալիք Նոր տարվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին:

Ինչպես «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղած շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինը նշել է, որ «անցնող տարին հիշվում է Ռուսաստանում Հայաստանի տարվա հագեցած ծրագրով». - «Այդ մասշտաբային հումանիտար ծրագիրը լիովին նպաստեց ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա համակողմանի զարգացմանը»:

«Համատեղ ջանքերով հաջողվեց էլ ավելի բարձրացնել քաղաքական երկխոսության նշաձողը, ամրապնդել փոխըմբռնման եւ բոլոր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հիմքերը», - ասված է հայ պաշտոնակցին Ռուսաստանի նախագահի հղած ուղերձում:

Շնորհավորելով ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ադրբեջանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների կարեւոր նշանակությունը:

«Երկկողմ հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին, ծառայում է Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը», - ասված է Իլհամ Աիեւին հասցեագրված ուղերձում:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ուղղված ուղերձում Ռուսաստանի նախագահը խաղաղություն եւ բարեկեցություն է մաղթել վրաց ժողովրդին: