Դեմիրճյան. «Ըստ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում որեւէ ընտրություն արդար չի համարվել»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի՝ նախորդ շաբաթ Փարիզում ընդունած Հայաստանի մասին զեկույցի նախագծում նշված է, որ Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում որեւէ ընտրություն ազատ եւ արդար չի համարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնաժողովի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը նոր է վերադարձել Փարիզից:

Նիստում ելույթ է ունեցել նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որը նշել է, մասնավորապես, որ «չնայած Եվրոպայի խորհրդի պահանջներին՝ պատասխանատվության ենթարկել կեղծարարներին, եթեր տրամադրել «Ա1+»-ին, այդպես էլ որեւէ քայլ չկատարվեց»:

«Որպեսզի մարդիկ հավատ ունենան ապագա ընտրությունների նկատմամբ, պետք են առարկայական քայլեր, ոչ թե վերացական խոսակցություններ արդար ընտրությունների մասին», - ասել է ընդդիմադիր գործիչը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը իր զեկույցի նախագծում, որը հունվարին ներկայացվելու է վեհաժողովի հաստատմանը, զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, որ առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

«Հայաստանը այժմ պետք է ցույց տա, թե ինչ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին. գալիք ընտրությունները պետք է համապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշներին, իսկ ընտրական քարոզարշավի եւ ընտրությունների լուսաբանումը մամուլում պետք է լինի բազմակարծ եւ անկողմնակալ», - ասված է զեկույցի նախագծում:

Անդրադառնալով Հայաստանում լույս տեսած Forbes հանդեսի հրապարակմանը, համաձայն որի Ստեփան Դեմիրճյանը հարցումների արդյունքներով ճանաչվել է ամենաանհեռանկարային գործիչը, «Արդարություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց. - «Ռեժիմի եւ ռեժիմի էքսպերտների համար, բնականաբար, ես ամենաանհեռանկարային գործիչն եմ»:


Ռուզան Խաչատրյան