Լրացավ Լեոնիդ Բրեժնեւի ծննդյան 100-ամյակը

Այսօր լրանում է նախկին Խորհրդային Միության երկարամյա ղեկավարներից մեկի՝ Լեոնիդ Բրեժնեւի ծննդյան 100-ամյակը:

ԽՄԿԿ-ի կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Խորհրդային Միության քառակի հերոս եւ սոցիալիստական աշխատանքի հերոս Բրեժնեւի կառավարման տարիներին՝ 1964-82 թվականներին, տնտեսական ճգնաժամն ուղեկցվել է քաղաքացիական ազատությունների որոշակի զարթոնքով:

Պատմության գրքերում Բրեժնեւը չի հիշատակվում իբրեւ ազդեցիկ խորհրդային առաջնորդ: Նրա կառավարումը բնորոշվել է հարաբերական կայունությամբ, կանխատեսելիությամբ եւ տնտեսական անկման դանդաղ ընթացքով:

Բրեժնեւը Նիկիտա Խրուշչովի դեմ դավադրության մասնակիցներից էր: 1964 թվականի իրադարձությունների արդյունքում նա գլխավորեց կոմկուսը:

Բրեժնեւն էր 1968 թվականին Պրահայի ապստամբության ճնշման հեղինակը: Այդ իրադարձությունները դարձան Խորհրդային Միությունում բարենորոգիչ տրամադրությունների ճնշման պատճառ:

Նախկին խորհրդային առաջնորդի զինվորական համազգեստները միշտ զարդարված էին շքանշաններով, որոնք Բրեժնեւն ինքն էր իրեն շնորհում իր ծննդյան տոնի կապակցությամբ: Նա նաեւ մեծ սեր ուներ արտասահմանյան թանկարժեք հագուստի եւ ավտոմեքենաների նկատմամբ:

Բրեժնեւի կառավարման տարիներին սկսվեց Խորհրդային Միության անկումը դեպի լճացման փուլ, ինչը մեծապես պայմանավորված էր պետության ղեկավարի տնտեսական սխալ որոշումներով:

Բրեժնեւն իր մահկանացուն կնքեց 1982 թվականի նոյեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից:


Հովհաննես Շողիկյան, Պրահա