Ինքնահրկիզման փորձ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց

Այսօր առավոտյան Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ են կատարել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներ, ազգությամբ եզդի Գյուլիզար Ավդալյանը եւ նրա երեք անչափահաս թոռները:

«Գյուլիզար Ավդալյանը բողոքի այս ծայրահեղ մեթոդով արդարադատություն է պահանջել Հայաստանի իշխանություններից եւ հատկապես իրավապահ մարմիններից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա վկայությամբ՝ նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը ու եւս 6 հոգի Լճաշեն գյուղի մոտ դաժան ծեծի են ենթարկել Գյուլիզարի որդուն` 42-֊ամյա Քյարամ Ավդալյանին, որը մահացել է: Սպանությունից հետո կալանավորվել է գյուղի բնակիչներից մեկը, որը, սպանվածի հարազատների համոզմամբ, առնչություն չի ունեցել կատարվածի հետ:

Գյուլիզար Ավդալյանը եւ նրա 3 անչափահաս թոռները (սպանվածի զավակները) տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոցի այրվածքների բաժանմունք: Ազիզ Թամոյանի վկայությամբ՝ նրանց վիճակը ծայրաստիճան ծանր է:

Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տրուզյանի փոխանցմամբ, ինքնահրկիզման դեպքից հետո Աղվան Հովսեփյանն ընդունել է Լճաշենի եզդիների համայնքի 3 ներկայացուցիչների:


Կարինե Քալանթարյան