Սերգեյ Կուպրիյանով. «Հայաստանը մինչեւ 2008 թվականը ռուսաստանյան գազը կստանա 110 դոլարով»

«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը այսօր հայտնել է, որ Հայաստանին վաճառվող գազի գինը անփոփոխ կմնա մինչեւ 2008 թվականը:

«Հայաստանը մինչեւ 2008 թվականը ռուսաստանյան գազը կստանա 110 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Մենք այդպես ենք պայմանավորվել, համաձայնագիր ստորագրելով երեք տարվա ընթացքում գինը անփոփոխ թողնելու մասին»,֊ - ասել է Կուպրիյանովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Փոխարենը «Գազպրոմ»֊-ը կավելացնի իր մասնաբաժինը, իր վերահսկողությունը «Հայռուսգազարդ» ձեռնարկությունում»,֊ - փաստել է Ռուսաստանի խոշորագույն ընկերության ներկայացուցիչը:

Նրա վկայությամբ՝ «Գազպրոմ»֊-ը 2007 թվականի սակագների շուրջ համաձայնություն է ձեռք բերել ԱՊՀ-֊ի գրեթե բոլոր երկրների հետ, բացի Վրաստանից, Բելառուսից եւ Ադրբեջանից:

Հաջորդ տարի «Գազպրոմ»֊-ը մտադիր է նվազեցնել Ադրբեջանին մատակարարվող գազի ծավալը 4,5 միլիարդ խորանարդ մետրից մինչեւ 1,5 միլիարդ եւ առաջարկելու է գնել այն 230 դոլարով` ներկայիս 110 դոլարի փոխարեն (1000 խորանարդ մետրի դիմաց):

«Վրաստանին առաջվա նման գազն առաջարկվում է 230 դոլարով, ընդ որում «Գազպրոմ»-֊ը համաձայն է աշխատել ակտիվների փոխանակման սցենարով»,֊ - ասել է Կուպրիյանովը:

Նրա փոխանցմամբ` Վրաստանի հետ «առաջին դեմքերի մակարդակով բանակցություններ ներկայումս չեն տարվում, քանզի վրացական կողմը աշխուժորեն բանակցում է այլընտրանքային մատակարարների հետ»: