Աբդուլա Գյուլ. «Թուրքիան երբեք տեղի չի տալու Կիպրոսի հարցով շանտաժներին»

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը վերահաստատել է իր երկրի կառավարության նվիրվածությունը Եվրամիությանն անդամակցության գործընթացին՝ միաժամանակ հայտարարելով, թե «դա չի նշանակում, որ Թուրքիան բաց է լինելու պախարակումների համար այնպիսի հարցերում, ինչպիսին Կիպրոսն է»:

«Հստակ ասեմ, որ դա անհույս ձեռնարկ է, եւ Թուրքիան երբեք տեղի չի տալու նման շանտաժներին», - հայտարարել է արտգործնախարարը թուրքական խորհրդարանի պլանավորման եւ բյուջետային հանձնաժողովում:

Գյուլը գանգատվել է կիպրոսցի հույների փորձերից՝ «Կիպրոսի շուրջ վեճի պլատֆորմը ՄԱԿ-ից Եվրամիություն տեղափոխելու միջոցով միակողմանի զիջումներ կորզել Թուրքիայից»:

Turkish Daily News-ը հաղորդում է նաեւ, որ երեկ Թուրքիայում հրապարակվել են նոր հարցումների արդյունքները, համաձայն որոնց, երկրի բնակչության մեծամասնությունը դեռեւս ցանկանում է Եվրամիությանը երկրի անդամակցությունը՝ չնայած Կիպրոսի եւ բարեփոխումների հարցերի շուրջ ներկայումս առկա լարվածությանը: Այնուհանդերձ, թուրքերը չեն հավատում, որ Եվրամիությունում ուզում են Թուրքիայի մուտքը:

Անցած շաբաթ հրապարակած զեկույցում Եվրահանձնաժողովը խստորեն քննադատել էր Թուրքիային, մասնավորապես, բարեփոխումների դանդաղ ընթացքի եւ Կիպրոսի Հանրապետության նկատմամբ քաղաքականության համար:

Եվրամիությունը Թուրքիայից պահանջում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի կեսերը իր նավահանգիստները եւ օդանավայականները բացել կիպրական նավերի եւ օդանավերի համար: