Հայաստանն ու Ղազախստանը խորացնելու են տնտեսական հարաբերությունները

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկուշաբթի օրը վերահաստատեցին տնտեսական փոխհարաբերությունները խորացնելու երկու երկրների ձգտումը:

Մայրաքաղաք Աստանայում հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահը ընդգծեց երկկողմ հարաբերությունների «դրական դինամիկան», «քաղաքական երկխոսության բարձր մակարդակը», համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

«Ամենաթույլը մեր համագործակցության տնտեսական բաղկացուցիչն է, թեեւ բարեփոխումների առաջընթացը Հայաստանում եւ Ղազախստանում, դրանց [բարեփոխումների] համահունչ լինելը լավ հիմք է առաջին հերթին հենց տնտեսական համագործակցության համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը` հույս հայտնելով, որ նույն օրը Աստանայում ստորագրված համաձայնագրերը կնպաստեն երկու երկրների «գործարար վերնախավերի» ավելի ակտիվ համագործակցությանը:

Ողջունելով Ղազախստանի գործարար շրջանակների «լուրջ» ներկայությունը Հարավային Կովկասում` Հայաստանի նախագահը հույս հայտնեց, որ այդ ներկայությունը կտարածվի նաեւ Հայաստանի վրա` «ավելի նշանակալի չափով, քան այսօր»:

Նուրսուլթան Նազարբաեւը, իր հերթին, «հաջող» որակեց անցկացված բանակցություններն ու հանդիպումները:

«Դրանք վերահաստատեցին մեր պետությունների ձգտումը է’լ ավելի խորացնել մեր փոխհարաբերությունները` առեւտրական կապերը աշխուժացնելու ու մերձենալու ճանապարհով», - ասաց Նազարբաեւը: - «Մեր փոխհարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելուն կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, որպեսզի ղազախական ընկերությունների կապիտալը առանց վախենալու մուտք գործի Հայաստան»:


«Ազատություն» ռադիոկայան