Մամուլի տեսություն

(շաբաթ, 4-ը նոյեմբերի)

«Չորրորդ իշխանություն»-ը հարց է տալիս. - «Ի՞նչ դեր է կատարում Ռուսաստանը Հայաստանի համար, դրակա՞ն է այդ դերը, թե՞ բացասական: Ռուսաստանն ուզո՞ւմ է, որ ղարաբաղյան հարցը լուծվի, ուզո՞ւմ է, որ Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենա հարեւանների հետ, ուզո՞ւմ է, որ Հայաստանն էներգետիկ անկախություն ունենա»: Պատասխանները, ըստ թերթի, միանշանակ են. - «Ռուսաստանը չի ուզում, որ ղարաբաղյան հարցը կարգավորվի, ամեն ինչ անում է, որ Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ, այդ թվում Վրաստանի հետ, վատանան, խլում է բոլոր այն ձեռնարկությունները, որոնք կարող էին ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը: Պարզ ասած՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական գործողություններ է իրականացնում (ոչ թե այն պատճառով, որ «հայերին չեն սիրում», այլ որովհետեւ իրենց շահերը դա են պահանջում)»: «Ասվածն, ի դեպ, ամենեւին չի նշանակում, թե Արեւմուտքը մեր նկատմամբ ավելի դրականորեն է տրամադրված: Նման բան չկա: Արեւմուտքը, այո, ձգտում է այնպես անել, որ Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ կարգավորվեն (որպեսզի Ռուսաստանն այլեւս տարածաշրջան խցկվելու առիթ չունենա), բայց Արեւմուտքն ամենեւին շահագրգռված չէ, որ Հայաստանը նորմալ ժողովրդավարական երկիր դառնա, եւ առավել եւս՝ մտադիր չէ ղարաբաղյան խնդիրը կարգավորել մեզ համար ընդունելի տարբերակով», - ամփոփել է «Չորրորդ իշխանություն»-ը:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը հաղորդում է. - «Ստամբուլում անցկացվող՝ հեռուստաընկերություններին նվիրված համաժողովում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ներկայացնող Գեղամ Մանուկյանը կոչ է արել թուրքական հասարակությանը եւ հատկապես լրագրողներին՝ ուսումնասիրել իրենց պատմության սեւ էջերը եւ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Գեղամ Մանուկյանը ցուցապաստառ է պարզել, որտեղ գրված է եղել, որ «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու հայերի ցեղասպանությունը»: Այդ պահին Գեղամ Մանուկյանին շրջապատել են ոստիկանները, փորձելով նրան դուրս բերել դահլիճից, ինչին, սակայն, խոչընդոտել են լրագրողները»:

«Ժամանակ Երեւան»֊-ը այս միջադեպի առիթով հեգնում է. - «Վախեցել են «Ստամբուլը արյան ծով դարձնի»:

Վախի թեման շարունակում է այս շաբաթվա «Օրինաց երկիր»-֊ը՝ գրելով. -«Միջազգային կառույցներում Արթուր Բաղդասարյանին հենց խոշոր գործիչ են ընդունում, նրա հետ հաշվի են նստում, նրան ընտրում են խոշոր կառույցի համանախագահ: Նրանից անգամ վախենում են: Իսկ վախենում են հզորներից, նրանցից, ովքեր կարող են եւ ունակ են նշանակալի դեր կատարել»:

«Հայկական ժամանակ»֊-ը այս հրապարակմանը տալիս է իր մեկնաբանությունը. - «Այսինքն, հայաստանյան քաղաքական իրականությունում տեղի է ունեցել աննախադեպ մի բան՝ միջազգային կառույցները սկսել են վախենալ հայ քաղաքական գործչից: Իհարկե, թերթը չի մանրամասնել, թե այդ վախն ինչպե՞ս է դրսեւորվում. Արթուր Բաղդասարյանին տեսնելիս, ասենք, ՄԱԿ֊-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կամ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը մտնում են սեղանի տա՞կ, թե՞ նրանց լեզուն է կուլ գնում»:

«168 ժամ»-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 28-֊ին, ժամը 17:30-֊ի սահմաններում, Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանը իր օգնականի եւ եւս մեկ անհայտ անձի հետ միասին, առանց որեւէ օրինական հիմքի եւ համապատասխան որոշման, «մուտք են գործել Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի բնակարան եւ դիմել անօրինական գործողությունների»: Ըստ թերթի, դատախազ Գեւորգ Թովմասյանը «սպառնացել է Լիանա Բալյանին՝ քացու տակ գցել, իսկ նրա ծնողներին ասել է, որ ձեր աղջկան կկալանավորենք եւ բանտ կնետենք»:

Եվ վերջապես, «Ազգ» թերթում Երուսաղեմի Հայոց Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան աբեղա Բաղդասարյանը սփյուռքահայերի ներգաղթը խթանելու համար առաջարկում է Հայաստանում բացել երեք նոր բուհ՝ հայ֊-արաբական համալսարան, հայ֊իրանական համալսարան եւ հայ-֊իսպանական համալսարան: Նա խորհուրդ է տալիս. -֊ «Պետք է դասընթացներն ընթանան այդ լեզուներով՝ արաբերեն, պարսկերեն եւ իսպաներեն: Ավելին, առավելագույն մակարդակ ապահովելու համար պետք է դրսից հրավիրել սփյուռքահայ եւ օտարազգի դասախոսներ, իսկ համալսարանների տնօրինությունը հանձնել սփյուռքահայերին»:


Արմեն Դուլյան