Վրաստանը կփորձի հայթայթել էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրներ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կառավարության նիստում ասել է, որ Թբիլիսին կփորձի համոզել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ վերանայել Վրաստանին վաճառվող գազի գինը կրկնապատկելու մասին որոշումը: Միաժամանակ, նա նշել է, որ «Վրաստանը փորձելու է հայթայթել էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրներ»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Նողաիդելին ասել է, որ «գազի գնի շեշտակի բարձրացումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նախկին խորհրդային այլ երկրներ շատ ավելի ցածր գին են վճարում»:

Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հայտնել է, որ Թբիլիսին այժմ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցում է գազի այլընտրանքային ներկրում ապահովելու շուրջ: