Փախուստ 4-րդ հարկից կամ անգլիական տարօրինակություններ

Բարձրությունը պատկառելի էր, իսկ սավաններից պատրաստված պարանը, գոնե արտաքնապես` վստահելի չէր: Հելենա Բրայենը, այնուամենայնիվ, կատարեց իր «փախուստը»:

Հելենա Բրայենը Լոնդոնից է, նա հրավիրվել է Հայաստան Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կողմից, որ ծանոթանա հայաստանյան ժամանակակից արվեստին ու ներկայացնի իր արվեստը: Իսկ այս տարօրինակ փախուստը Հելենայի պերֆորմանսի մի մասն էր:

«Այսօր ես ցանկանում էի հրավիրել մարդկանց իմ բնակարան եւ ցույց տալ իմ վիդեոաշխատանքը, որ արել եմ Նինոյի հետ: Ու նաեւ մի գործողություն կատարել՝ պատշգամբից փախչել դեպի փողոց: Այդ պերֆորմանսը օտարության եւ հասարակությունից մեկուսացված զգալու մասին է»:

Պերֆորմանսը պատրաստելու 7 օրերի ընթացքում Հելենային օգնել է Նինո Սախնիաշվիլին: Նինոն հիմնականում զբաղվում է վիդեոնկարահանումներով: Հայաստանում է կրկին ՆՓԱԿ-ի հրավերով եւ արդեն ֆիլմ է պատրաստել պերֆորմանսի նախապատրաստական աշխատանքների հիման վրա:

Հելենան ասում է, որ փոքր-ինչ վախենում էր սկզբում, սակայն համոզված էր, որ ամեն ինչ լավ է անցնելու. - «Այն պահից, ինչ ես Հայաստանում եմ, ամեն առավոտ իմ խոհանոցի պատուհանից նայում եմ Արարատին, եւ երբ ես երեւում է, գիտեմ, որ օրս լավ կանցնի: Այս առավոտ ես տեսա Արարատը շատ պարզ: Սակայն վաղը ով գիտի՝ ինչ կլինի. այդ պատճառով ապագա ծրագրերիս մասին չեմ ցանկանում խոսել»:


Տաթեւիկ Լազարյան