Սերժ Սարգսյան. «Եթե մարտերը վերսկսվեն, Հայաստանը կրկին առավելության կհասնի»

Ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, համոոզմունք է հայտնել, որ «հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով»:

Սակայն, Սերժ Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը չի նպաստում նման լուծմանը: «Այսօր (Ադրբեջանի) պաշտոնյաները խոսում են պատերազմի վերսկսման մասին: Վերջին տարվա ընթացքում կրկնապատկել են իրենց ռազմական ծախսերը»:

Նա փաստում է, որ չեզոք փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանը դեռեւս անկարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով. - «Եթե մարտերը վերսկսվեն, Հայաստանը կրկին առավելության կհասնի: Անկախ արդյունքից` պատերազմը հարված կլինի երկու կողմերի համար»:

Խոսելով Ադրբեջանի նավթային եկամուտների մասին, որոնք Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով` Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ 90-֊ականների սկզբներին Ադրբեջանը նույնպես մեծ առավելություն է ունեցել թվաքանակով եւ Խորհրդային Միությունից ժառանգած սպառազինությամբ:

«1992֊-ին նրանք շրջապատեցին Ղարաբաղի հայերին, եւ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք հաջողության հասնել: Նավթային եկամուտների բոլոր կանխատեսումներով հանդերձ, ոչ հիմա, ոչ էլ նույնիսկ սրանից շատ տարիներ հետո նրանք չեն հասնի այն առավելությանը, որն ունեին 14֊-15 տարի առաջ: Ռազմական լուծման Ադրբեջանի տարբերակը ձախողվեց այն ժամանակ, կձախողվի կրկին: Հուսով եմ, վաղ թե ուշ Ադրբեջանի ղեկավարները կհրաժարվեն այդ մոտեցումից», -֊ ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով Հայաստան֊ - ՆԱՏՕ հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը անցում է կատարում Թուրքիային: Նրա կարծիքով, Թուրքիայի քաղաքականությունը երկար ժամանակ վնաս է հասցրել ՆԱՏՕ֊-ի հեղինակությանը Հայաստանում:

«Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում ստեղծվել է Հայաստանի համար արտաքին սպառնալիքի առկայության պայմաներում, եւ ինչ-֊որ չափով այս հենակետը ծառայել է իբրեւ այդ սպառնալիքը զսպող ուժ:
Դժբախտաբար, մինչ օրս այդ սպառնալիքը չի վերացել, քանի որ չի եղել շոշափելի բարելավում Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչը, ըստ էության, թշնամական գործողություն է մեր դեմ: Թուրքիան նաեւ պաշտպանում է Ադրբեջանին՝ Ղարաբաղի հակամարտության հարցում, եւ մեր հարաբերությունների բարելավումը պայմանավորում է Ադրբեջանի քմահաճույքով»:


Հրաչ Մելքումյան, Պրահա