Վարդան Օսկանյան. «Նախագահների հանդիպման համար առայժմ հիմքեր չկան»

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման համար առայժմ հիմքեր չկան:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ որոշում է կայացվել կրկին հանդիպել նոյեմբերի 14-֊ին` Բրյուսելում կայանալիք Եվրամիության համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակներում: Դրանից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան:

«Միայն դրանից հետո կորոշվի՝ լինելո՞ւ է նախագահների հանդիպում, թե՞ ոչ», -֊ փաստեց Հայաստանի արտգործնախարարը:

Իր փարիզյան հանդիպումը Վարդան Օսկանյանն անվանեց «նորմալ, կառուցողական»:

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ընդհանուր եզրեր կան, բայց որոշ հնարավորություն կա կողմերի դիրքորոշումները մոտեցնելու: Վերջնական արդյունքներ չկան, բայց այս հանդիպումը շարունակությունն էր Մոսկվայի հանդիպման, որտեղ նոր մտքեր էին հնչեցվել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ կողմերը տարաձայնություններ ունեն: Այսօր մենք փորձել ենք հենց այդ նորությունները քննարկել»,֊ - ասաց արտգործնախարարը:

Նա հայտնեց, որ այդ նոր մտքերը քննարկվել են նաեւ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության ընթացքում:

«Ղարաբաղում մենք կարողացանք ընդհանուր դիրքորոշում որդեգրել հենց այդ նոր մտքերի շուրջ»,֊ - ասաց Վարդան Օսկանյանը:

«Այն փաստաթղթին, որը սեղանի վրա է, Ղարաբաղի իշխանությունները տեղյակ են: Իհարկե, տեղյակ լինելը չի նշանակում, որ յուրաքանչյուր հարցին համաձայնություն են տվել: Սկզբունքներին մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց փաստաթուղթը ավելին է, քան սկզբունքները: Եվ այդ մանրամասների մեջ մենք տարաձայնություններ ունենք փաստաթղթի հետ եւ համանախագահների հետ»,֊ - եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:

Այսօր երեկոյան կայացավ Վարդան Օսկանյանի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագիրը, ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ այլ հարցեր:


Հրայր Թամրազյան, Պրահա