Փաստաբանը հայտարարում է, որ Վիրաբյան եղբայրները «վաղ թե ուշ ազատ են արձակվելու»

Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանավորված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների հայրը` Ռաֆայել Վիրաբյանը, ու նրանց փաստաբան Հովիկ Արսենյանը երկուշաբթի օրը պնդեցին, որ Վիրաբյան եղբայրները սպանության հետ որեւէ կապ չունեն:

Ավելին` Արսենյանը պնդեց, թե իր պաշտպանյալների անմեղությունն ապացուցված է, ուստի նրանք վաղ թե ուշ ազատ են արձակելու:

«Ես չեմ կարծում, որ մեր իշխանությունների ցանկությունն է, որպեսզի Վիրաբյանները անպայման այս մեղադրանքով դատապարտվեն», - հայտարարեց Արսենյանը:

Փաստաբան Հովիկ Արսենյանի պնդմամբ, չնայած իր պաշտպանյալները մինչեւ օրս գտնվում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմարկում, նրանց մեղավորությունը հաստատող որեւէ ապացույց մինչեւ օրս չի ներկայացվել:

«Ապացույց ընդհանրապես չկա: Ասում են` նյութերում կան հիմնավոր կասկածներ: Այդ «հիմնավոր կասկածների» հիման վրա է, որ մեղադրանք է առաջադրվել: Քառասուն օր է անազատության մեջ են: Այդ կասկածները կա’մ պետք է հերքվեին, կա’մ պետք է հիմնավորվեին: Այսինքն` ապացույցներ ձեռք բերվեին... Չկա»:

Կալանավորված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների փաստաբանի փոխանցմամբ, սպանված Շահեն Հովասյափյանի վարորդը, ում ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Վիրաբյաններին, ուղղակի ճնշումների է ենթարկվել:

Սեպտեմբերի 6-ին տեղի Հովասափյանի մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի ժամանակ մեքենայում գտնվող Շահեն Հովասափյանի վարորդը` Անդրանիկ Չարչյանը, ընդամենը թեթեւ մարմնական վնասվածքներ էր ստացել:

Փաստաբանի փոխանցմամբ, հարցաքննության ժամանակ, երբ Շահեն Հովասափյանի վարորդին հարցրել են, թե իր կարծիքով, ո՞վ է կատարել հանցագործությունը, նա պատասխանել է, թե Արմեն Վիրաբյանը կամ այլ անձինք` Արմեն Վիրաբյանի հանձնարարությամբ:

«Պաշտպանական կողմը հայտարարեց, որ դա զրպարտություն է», - ասաց Արսենյանը` մեկ անգամ եւս պնդելով, որ այդ ցուցմունքը ճնշումների արդյունք է:

Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների հայրը, ով այսօր նույնպես ներկա էր ասուլիսին, նամակով դիմել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին` խնդրելով վերականգնել իր որդիների խախտված իրավունքները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռաֆայել Վիրաբյանն ասաց, թե իր որդիներին ներկայացված մեղադրանքները «արհեստածին» են:

«Պատճառը [հանցագործության] չկա, դրա շարժառիթը չկա», - ասաց Ռաֆայել Վիրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան