Ո՞ւր մնացին քանոնը, պարկապզուկը, թառն ու քամանչան

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներից շատերը կարծում են, որ, օրինակ, քանոնը, որը համարվում էր աղջկական գործիք՝ այլեւս չի սազում աղջկա նուրբ կերպարին:

Քոլեջի տնօրեն Գայանե Հարությունյանը նշում է, որ այսօր ազգային երաժշտական գործիքները քիչ են օգտագործվում միջոցառումների ժամանակ: Հետեւաբար նաեւ գումար վաստակելն այդ գործիքներով հնարավոր չէ: Ցավալի է, բայց շուկայական հարաբերություններն այստեղ էլ են մուտք գործել:

Մարզերում ժողգործիքների դասարաններ գրեթե չկան, եղածներն էլ մի կերպ են պահպանվում: Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի արվեստի դպրոցում օրինակ, ժողգործիքների դասարան, որպես այդպիսին չկա: Կա միայն քանոնի դասարան՝ 2 աշակերտով: Նույնն է պատկերը նաեւ Նոր Գեղիի եւ Եղվարդ համայնքներում: Կոտայքի մարզի Արգել գյուղում 2 տարի առաջ կար քանոնի դասարան, հիմա դա էլ չկա: Այս դպրոցում, պարկապզուկ, սրինգ եւ մի քանի հին հայկական փողային գործիքներ են պահվում: Եվ, քանի որ դրանցով հետաքրքրվողներ չկան, ու դասարաններն էլ արդեն վաղուց փակվել են, այս գործիքներն այսօր մնացել են դպրոցի պատից կախված՝ որպես ցուցանմուշներ:

Իսկ Չարենցավանի երաժշտական դպրոցի ժողգործիքների բաժնի աշակերտների ուսման վարձը արդեն մի քանի տարի է վճարում է քաղաքապետարանը, ինչի արդյունքում դպրոցն այսօր այդ բաժնում աշակերտների պակաս գրեթե չի զգում:


Նարինե Ղալեչյան