Հրանտ Դինք. «Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նպաստ չի բերի հայության ապագայի տեսակետից»

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի կարծիքով՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված օրենքը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, «նպաստ չի բերի հայության ապագայի եւ աշխարհում ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսակետից»:

«Թուրքերը զրկվում են խոսքի ազատությունից, եւ նրանք հենց այդպես էլ պնդում են: Սա թուրքերի համար դրական որոշում էր, որովհետեւ աշխարհը նույնքան կարեւորություն է տալիս ցեղասպանության ճանաչմանը, որքան խոսքի ազատությանը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Հրանտ Դինքը:

«Կարծում եմ, սատարելով այս որոշմանը, մենք մեր ոտքին ենք զարկում»,֊ - հայտարարել է թուրքահայ լրագրողը:

«Ես այսօր թուրքական դատարան եմ կանչվել, որովհետեւ ասել եմ, որ կատարվածը ցեղասպանություն է: 2007 թվականի մարտին կսկսվի իմ դատավարությունը, բայց եթե այս օրենքը հաստատվի Սենատի կողմից, ես կասեմ, որ կատարվածը ցեղասպանություն չէր: Սրտի ցավով, իմանալով ճշմարտությունը, դա կասեմ: Սա ոչ թե ուրանալ է, այլ խոսքի ազատության պաշտպանություն»,֊ - եզրափակել է Հրանտ Դինքը: