Սերգեյ Միրոնով. «Վրաստանի իշխանությունների քայլերը տանում են դեպի պատերազմ»

Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը չի բացառում, որ Վրաստանի իշխանությունների կողմից Անդրկովկասում ռուսական զորախմբի մի քանի սպաների ձերբակալումը կարող է հանգեցնել պատերազմի սանձազերծման:

«Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ լրտեսամոլության նման նոպաները, ինչպիսիք այսօր դիտվում են Վրաստանում, դարձել են ռազմական գործողությունների սանձազերծմանը պետության նախապատրաստվելու փուլերից մեկը», - հայտարարել է Միրոնովը այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը «նպատակաուղղված սադրանք» է որակել ռուս զինվորականների կալանումը Վրաստանում. - «Դա ոչ միայն հակառուսական տրամադրությունների հերթական դրսեւորումն է վրացական ղեկավարության կողմից, այլեւ նպատակաուղղված եւ ցուցադրական սադրանք է»:

Վրաստանի հակահետախուզական ծառայությունը երեկ ձերբակալել է ռուսաստանցի 4 սպաների, մեկ ենթասպայի եւ մեկ տասնյակից ավելի Վրաստանի քաղաքացիների, որոնց մեջ կան նաեւ ազգությամբ հայեր: Հայտարարվել է, որ խմբի անդամները մեղադրվում են լրտեսության մեջ եւ «սադրիչ գործողություններ էին նախապատրաստում»: