Լրագրողական կազմակերպությունները դժգոհ են հեռուստաեթերի վերաբերյալ կառավարության նոր առաջարկներից

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ այսօր իրենց դժգոհությունն են հայտնել հեռարձակման ոլորտին վերաբերող կառավարության նոր առաջարկներից, որոնք քննարկվում են խորհրդարանում:

«Նոր օրինագիծը շրջանառության մեջ է դրվել հապճեպ, առանց շահագրգիռ կողմերի՝ հեռուստառադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների», - ասված է Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի համատեղ հայտարարության մեջ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման առաջարկվող մեխանիզմը, մեր կարծիքով, չի լուծում բազմիցս բարձրացված խնդիրը՝ հանձնաժողովի անկախությունը»,֊ - փաստել են հայտարարության հեղինակները:

Հայաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծով առաջարկվում է հանձնաժողովի կազմում ընդգրկել 8 անդամի, որոնցից 4-֊ին նշանակելու է նախագահը, իսկ մյուս 4-֊ին՝ խորհրդարանը:

Գործող հանձնաժողովը, հիշեցնենք, կազմված է նախագահի կողմից նշանակված 9 անդամից:

Լրագրողական կազմակերպությունները առաջարկում են հանձնաժողովը համալրել Ազգային ժողովի կողմից ընտրված եւս 8 անդամով, ինչի արդյունքում, նրանց կարծիքով, «կապահովվի անդամների «կես-֊կես» նշանակման/֊ընտրության սահմանադրական պահանջը»:

Հայտարարության հեղինակները նաեւ գտնում են, որ կառավարության ներկայացրած օրինագծում հաշվի չեն առնված ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի այս տարվա զեկույցում պարունակվող դիտողությունները: