Պատվավոր կոչումները «հաճելի են», բայց երբեմն՝ «անտեղի եւ ուշացած»

«Կոչումները հաճելի են, սակայն ամենակարեւորը ժողովրդի կոչումն ու լեցուն դահլիճներն են ինձ համար: Այսօր կոչումներն արժեզրկված են, շատ արժանավորների կոչումներ են շնորհվում ուշացած, իսկ ոմանք էլ դրանց արժանանում են անտեղի», - համոզված է վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած երգչուհի Նունե Եսայանը:

«Ես բարձրաձայն անուններ չեմ ուզում նշել. եթե նախագահը այդպես է որոշել, ուրեմն՝ ճիշտ է: Ես վաստակ ունեմ, բայց ամաչում եմ, որ պատվավոր կոչման եմ արժանանում մեր սերնդին կրթած Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի հետ միաժամանակ», - ցավով նշում է երգչուհին:

«Բոլորովին չէի սպասում, խանութում էի, որ զանգահարեցին ու հայտնեցին, շատ լավ անակնկալ էր», - ասում է նույն կոչմանն արժանացած երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Ժողովրդական արտիստի կոչում ստացած կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը դրական է վերաբերմունք ունի պատվավոր կոչումների նկատմամբ. - «Նախագահի հրամանագրով տրված կոչումները չեն կարող կախվածության մեջ գցել մտավորականին: Ես դրական եմ վերաբերվում նման կոչումներին: Կոչումը պետության կողմից տրված ոչ նյութական գնահատական է, թեեւ ոչ միշտ է այդ գնահատականը լինում ճիշտ կամ ժամանակին»:


Հասմիկ Սմբատյան