Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործընթացում

Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին մեկնում է Բրյուսել, ուր առաջիկա օրերին նախատեսված են վրաստանցի բարձրաստիճան դիվանագետի բանակցությունները Եվրամիության պաշտոնյաների հետ: Բանակցությունների առանցքում ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցերն են, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման ուղիները:

Իսկ այդ անդամակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի Էնն Իսլեր Բեգինը, անպայման մի օր իրականություն է դառնալու: Ընդ որում, եվրոպական ընտանիքի անդամ են դառնալու տարածաշրջանի բոլոր երեք պետությունները:

«Ես համոզված եմ` հնարավոր չէ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը միայնակ մնան Թուրքիայի եւ Ռուսաստանի նման մեծ պետությունների կողքին: Եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, անշուշտ, մի օր կանդամակցեն նաեւ այս երեք պետությունները: Թե երբ՝ չգիտեմ, բայց հաստատ, դա ապագայում տեղի է ունենալու», - ասաց եվրոպացի խորհրդարանականը:

Անդրադառնալով տարածաշրջանի «սառեցված» հակամարտություններին` տիկին Իսլեր Բեգինը նկատեց. - «Այդ հակամարտությունները «սառեցված» չեն, քանի դեռ տեղում մարդիկ են մահանում, եւ մենք պետք է ավելացնենք մեր ներգրավվածությունը՝ դրանց շուտափույթ լուծումը գտնելու նպատակով»:

«Մենք պատասխանատու ենք այս երկրների առջեւ, քանի որ այդ հակամարտությունների կարգավորման հարցում նրանք հայցում են Եվրոպայի օգնությունը: Մենք անմիջականորեն ներգրավված չէնք, սակայն ուզում ենք, որ Հարավային Կովկասում Եվրամության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ավելի ակտիվ դերակատարություն ունենա այս հակամարտությունների կարգավորման գործընթացում», - եզրափակեց Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա