Ինչու՞ են սպանել Merci խանութի տնօրենին

Երեւանի կենտրոնում գտնվող Merci բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանի սպանության փաստի առթիվ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ դիտավորյալ սպանություն:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընդլայնվել են քրեական գործի ծավալները եւ քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով: Ավելացվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, այսինքն՝ ավազակային հարձակում:

Այս ամենը հնարավորություն է տալիս ենթադրել, որ սպանությունը տեղի չի ունեցել զուտ կենցաղային հողի վրա: Քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել ուշ գիշերին: Արմեն Գրիգորյանի դիակը հայտնաբերվել էր օգոստոսի 9-ին վերջինիս բնակարանում, մահճակալի վրա, ձեռքերն ու ոտքերը կապած: Նախաքննությունը շարունակվում է:


Հովհաննես Շողիկյան