Գրիգոր Չիֆթլյան. «Լիբանանահայ համայնքի կյանքը բնականոն շարունակվում է»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ հայր Գրիգոր Չիֆթլյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է, որ Լիբանանի հայ համայնքի կյանքը բնականոն շարունակվում է:

«Մեր կյանքը բնական կերպով շարունակվում է. իբրեւ օրինակ ասեմ, որ այս շաբաթվա վերջին Սուրբ Աստվածածնի վերափոխության տոնախմբության օրն է, եւ այնպես, ինչպես ամեն տարի է եղել, նույն ձեւով պիտի տոնվի»:

Ջբեիլ բնակավայրում «Թռչնոց բույն» որբանոցը, համաձայն հայր Գրիգորի, չի վնասվել մարտերի արդյունքում, քանի որ հիմնական հարվածներն Իսրայելի զորամիավորումներն ուղղել են ռազմավարական նշանակության օբյեկտներին՝ կամուրջներին, մայրուղիներին, որոնցից որբանոցը հեռու է:

Միջազգային մարդասիրական օգնության ընկերությունները Լիբանանում խաղաղ բնակիչների իրավիճակը գնահատել են օրեցօր վատթարացող: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հայտնել է, որ Լիբանանի հարավային հատվածն արդեն մարդասիրական կազմակերպությունների համար անանցանելի շրջան է: Միայն Բեյրութում հարավային շրջաններից 100 հազար փախստականներ են գումարվել, որոնք առաջին անհրաժեշտության իրերի կարիք ունեն: Նրանց աջակցություն է ցուցաբերում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:


Աննա Կարապետյան, Պրահա