Քնելով՝ ապահովում ենք առողջ կյանք

Օրգանիզմն ունի որոշակի կենսաբանական ռիթմեր, որոնք էլ ապահովում են նրա նորմալ գործունեությունը: Այդ կենսառիթմերի ազդեցությամբ օրգանիզմում ընթացող պրոցեսների մի մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք հանգստի վիճակում, այսինքն՝ քնած ենք:

Առողջ լինելու համար մարդուն հարկավոր է օրական ութ ժամ քուն: Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդու համար վնասակար է ինչպես քիչ քնելը, այլնպես էլ չափից ավելի քնելը: Երկու ժամ չքնելը նույնքան վնաս է հասցնում, որքան երկու ժամ ավելի քնելը:

«Մաքս Լիբերթի»-ի անցկացրած փոքրիկ հարցումից պարզ դարձավ, որ մեզ մոտ երիտասարդները հատկապես ամռանը նախընտրում են գիշերը քիչ քնել ու դրա փոխարեն վայելել գիշերային զով մայրաքաղաքը: Հարցվածները հիմնականում գիտեն քիչ քնելու վնասների մասին, բայց կարծում են, որ կարելի է երբեմն առողջությանն ի վնաս զվարճանալ:

Մինչ մեր երիտասարդներն ինքնակամորեն զրկվում են իրենց առողջության կարեւորագույն գրավականներից մեկից՝ քաղցր քնից, աշխարհով մեկ բացվում են քնի կենտրոններ, որոնք օգնում են անքնությամբ տառապող մարդկանց վերագտնել կորցրածը:

Դարեր առաջ էլ մարդիկ անքնության դեմ պայքարել են՝ օգտվելով բուսական դեղամիջոցներից:


Կարինե Հունանյան