Վիկտոր Սողոմոնյան. «Այս պահին Մոսկվայում երկու նախագահների հանդիպում նախատեսված չէ»

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «այս պահին Մոսկվայում հուլիսին երկու նախագահների հանդիպում նախատեսված չէ»:

Նա հաստատեց, որ այս ամիս ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին:

Միեւնույն ժամանակ, այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 21-֊22֊-ին ԱՊՀ երկրների այլ ղեկավարների հետ ներկա է լինելու Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ավանդական ձիարշավին:

«Նման ոչ ֆորմալ պայմաններում ընթացող հանդիպումները թույլ են տալիս պետության ղեկավարներին քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», - ասել է Մամեդովը՝ առանց մանրամասնելու, թե ո՞ւմ հետ է մտադիր հանդիպել Ալիեւը:

Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ չեն ճշտվել նաեւ Հայաստանի նախագահի մոսկովյան այցի մանրամասները: