Լրագրողների պաշտպանության կոմիտեն անհանգստացած է Արման Բաբաջանյանի ձերբակալությամբ

«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ», - ըստ տարածած հաղորդագրության, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը:

Հունիսի 26-ին Երեւանում ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը կասկածվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

Մինչդեռ Լոնդոնում գտնվող Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի աշխատակից Սեդա Մուրադյանը փաստում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թերթը իր հոդվածներից մեկում հարցականի տակ է առել գլխավոր դատախազի անկախությունը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Բաբաջանյանին մինչեւ դատավարությունը եւ հրապարակել նրա վերաբերյալ նյութերը»,֊ - հայտարարել է Ջոել Սիմոնը:

«Իշխանությունները Բաբաջանյանի հետ վարվում են իբրեւ վտանգավոր հանցագործի»,֊ - ասել է Սեդա Մուրադյանը: