Սանկտ-Պետերբուրգում բացվեց «Երիտասարդ ութնյակ»-ի գագաթնաժողովը

Սանկտ-Պետերբուրգի արվարձան Պուշկին քաղաքում այսօր սկսվեց «Երիտասարդ ութնյակ»-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր պետությունները ներկայացնող 13-17 տարեկան 8-ական դպրոցականներ:

Միացյալ Նահանգների թիմում ընդգրկված են Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի դպրոցներում սովորող ամենատարբեր ազգերի ներկայացուցիչները, այդ թվում մեկ հայ՝ 15-ամյա Շանթ Աթարյանը:

Միջոցառումը անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, իսկ իմաստն ու նպատակը շատ հստակ են. երեխաներն են որոշելու, թե ի՞նչն է իրենց առավելապես մտահոգում այսօրվա աշխարհում եւ ի՞նչ խնդիրների վրա «Մեծ ութնյակ»-ի ղեկավարները պետք է սեւեռեն իրենց ուշադրությունը:

Խնդիրների շրջանակը արդեն հայտնի է՝ ՁԻԱՀ, կրթություն, ազգային եւ կրոնական հանդուրժողականություն, բնապահպանություն, էներգետիկայի խնդիրներ, անգամ՝ ԱՊՀ-ի ապագան:

Երեխաների առաջարկներից մեկը ձեւակերպված է այսպես. գերտերությունները պետք է հատուկ հարկ մտցնեն զարգացող երկրներին զենք վաճառող ընկերությունների համար եւ այդ գումարները ծախսեն ուսուցիչներին վարձատրելու եւ կրթությունը զարգացնելու համար:


Արմեն Դիլանյան, Պրահա