Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հատուկ բնույթի են»

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ահմեթ Սեզերը Մոսկվայում այսօր կայացած հանդիպման ժամանակ «հատուկ» են որակել երկու պետությունների միջեւ հարաբերությունները: Սա Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան:

«Վերջին տարիներին Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ձեռք են բերել հատուկ բնույթ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Վլադիմիր Պուտինը:

Ահմեդ Սեզերը հայտարարել է. - «Թուրքիան դիտում է Ռուսաստանը որպես կարեւորագույն ուժ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»:

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները «միջազգային օրակարգի առաջնահերթ շատ հարցերի շուրջ համընկնում են»:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները խնդիր են դրել երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը 15-ից հասցնել տարեկան 25 միլիարդ դոլարի: