Ձերբակալվել է «Ժամանակ» թերթի խմբագիրը

Այսօր ձերբակալվել է Երեւանում եւ Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանը: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր շաբաթ օրը՝ «2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ»:

Գլխավոր դատախազությունը նաեւ տեղեկացնում է , որ Բաբաջանյանը «հարցաքննվել է որպես կասկածյալ եւ պաշտպանի ներկայությամբ հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք՝ հաստատելով, որ կատարել է փաստաթղթերի կեղծիք՝ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար»:

Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ ասել էր, որ Արման Բաբաջանյանին հրավիրել են «ինչ-որ քրեական գործի շրջանակներում հարցաքննելու նպատակով», եւ «այդ գործը որեւէ առնչություն չունի Բաբաջանյանի լրագրողական գործունեության հետ»:

«Ժամանակ»-ի գրասենյակում հրավիրած ասուլիսի ընթացքում, սակայն, թերթի գործադիր տնօրեն Մանուկ Սուքիասյանը եւ պատասխանատու խմբագիր Լիզա Ճաղարյանը պնդեցին, որ Բաբաջանյանին բերման են ենթարկել «բացառապես լրագրողական գործունեության հետ կապված»:

«Մեզ համար սովորական բան է՝ մեկ այլ պատճառաբանությամբ տանել, գործ սարքել», - փաստարկեց Ճաղարյանը: - «Եվ մինչեւ հիմա էլ որ լռում էին՝ պարզապես մտմտում էին, թե ինչ գործ սարքել»:

Լիզա Ճաղարյանը փոխանցեց, որ թերթում եղել են հոդվածներ ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ երկրի նախագահի, իշխանության այլ ներկայացուցիչների դեմ:

Ասուլիսի կազմակերպիչները հայտարարեցին, որ սկսում են լրագրողական ակցիա. հանդես են գալու հատուկ հայտարարությամբ, դիմել են միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններին:


Կարինե Քալանթարյան