Տիգրան Սարգսյան. - «Փոխարժեքը ձեւավորվում է շուկայում»

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը, անդրադառնալով հայկական դրամի շարունակվող արժեվորմանը ԱՄՆ դոլար նկատմամբ, պնդեց, որ դա պայմանավորված է «շուկայական գործոններով»:

«Լողացող փոխարժեքի քաղաքականության պարագայում փոխարժեքը ձեւավորվում է շուկայում, եւ շուկայի վրա ազդող գործոնները բազմաթիվ են: Վերջին շրջանում հստակ ձեւավորվել է դրամի արժեքավորման միտում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մեծ պահանջարկ է ներկայացվում հայկական դրամի նկատմամբ», - Ազգային ժողովում, որտեղ այսօր քննարկվում էր Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը՝ բացատրելով. - «Երկու ուղղություն ունի այդ ազդեցությունը. առաջինը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծածավալ արտարժութային ներհոսք է գալիս Հայաստան, եւ բանկերի հաճախորդները ստացված արտարժութային միջոցները փոխարկում են հայկական դրամի: Եվ երկրորդը՝ մենք արձանագրում ենք, որ վստահությունը դրամի նկատմամբ ամրապնդվում է, եւ մարդիկ իրենց դոլարային խնայողությունները փոխարկում են դրամային խնայողությունների»:

Վկայակոչելով միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որ երկրի հիմնական թերություններից մեկը տնտեսության դոլարիզացվածությունն է, Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ էլ կրկնեց արդեն ավանդական դարձած խորհուրդը՝ հայկական դրամով անել բոլոր առեւտրային գործողությունները եւ խնայողությունները պահել հայկական դրամով:

«Այն քաղաքացիները, որոնք մեր այս հորդորներին հավատացել են երեք տարի առաջ, նրանք առնվազն 30 տոկոս շահել են», - փաստարկեց նա:

Օրենսդիրներից շատերը, այդուհանդերձ, կասկածի տակ առան դոլարի փոխարժեքի անկման հետ կապված պաշտոնական բացատրությունները:

«Արհեստականորեն դրամի արժեվորման պարագայում հանրապետությունում օլիգարխների, ներմուծողների միջոցով կողոպուտ է կատարվել ոչ ավելի, ոչ պակաս, քան 460 միլիոն դոլարի համարժեք», - ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Gեղամյանը՝ շարունակելով. - «Տղերքը պատրաստվում են ընտրությունների, եւ այդ ընտրությունները կատաղի են լինելու»:


Ռուզան Խաչատրյան