Երիտասարդության այսօրն ու հեռանկարները

Համաժողովին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ջավախքից, ուսանողական խորհուրդների անդամներ, ինչպես նաեւ Հայաստանի պետական կառավարման մարմինների եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանի խոսքով, համաժողովի առաջնահերթ նպատակն է՝ վեր հանել երիտասարդությանն առնչվող արդիական խնդիրները եւ քննարկել դրանց լուծման ուղիները:

Համաժողովի օրակարգում կարեւորագույնը Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի քննարկումներն են, որոնց ներկա կլինի նաեւ Եվրախորհրդի փորձագիտական խումբը` ներկայացնելու փաստաթղթի վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները:

Արսեն Սողոմոնյանի հավաստմամբ, հենց երիտասարդության ազգային զեկույցը, որը կազմվել է ամբողջ հանրապետության երիտասարդության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ բազմաբնույթ սոցիոլոգիական հարցումների հիման վրա, հաստատումից հետո կծառայի որպես հիմնաքար պետական երիտասարդական քաղաքականության մշակման հարցում:

Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տնօրեն Մանվել Ջավադյանի խոսքով, երիտասարդության ազգային զեկույցը ցույց է տվել, որ այսօր մարզաբնակ երիտասարդների առաջնահերթ խնդիրները երկուսն են` զբաղվածության ապահովումը եւ կրթությունը: «Այն մարզաբնակ երիտասարդները, ովքեր Երեւանում գոնե ինչ-որ կրթություն ստացել են, այսօր մարզում գտնում են իրենց տեղը, բայց կա երիտասարդների մի մաս, որը կրթության լուրջ խնդիր ունի` ֆինանսական ծախսերի, հեռավորության հետ կապված: Այդ պատճառով առաջնահերթ ենք համարում մարզերում կրթական օջախների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի հիմնումը: Գյուղաբնակ երիտասարդներն էլ, ում զբաղվածությունը հողի առկայության պայմաններում որոշ չափով լուծված է, տուժում են ժամանցի հնարավորությունների բացակայությունից», - ասում է Մանվել Ջավադյանը:

Հաջորդ տարվանից երիտասարդական համաժողովը, ամենայն հավանականությամբ, կկրի համահայկական բնույթ՝ ընդգրկելով նաեւ երիտասարդական կազմակերպություններ այլ երկրների հայ համայնքներից: Բայց այս համաժողովին արդեն մասնակցում են նաեւ սփյուռքահայ երիտասարդներ: Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը միջոցառմանը եկել էր` մտքեր փոխանցելու եւ փոխանակելու, տեղեկանալու, թե մեր պետական մարմինները երիտասարդության ոլորտում ի՞նչ քայլեր են անում եւ ի՞նչ ծրագրեր ունեն Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման ուղղությամբ: Կարենը վիրահայ եւ հայաստանցի երիտասարդների սոցիալ֊տնտեսական խնդիրների միջեւ մեծ տարբերություն չի տեսնում. - «Հիմնական խնդիրները նույնն են, ինչ Հայաստանի երիտասարդներինը, գումարած հակահայկական տրամադրությունները, որոնք գնալով աճում են Վրաստանում, ազգային խտրականության մթնոլորտն ու այն, որ դու քեզ չես զգում տվյալ երկրի լիարժեք քաղաքացի»:

Երիտասարդական համաժողովը ԵՊՀ-ում կշարունակվի մինչեւ հունիսի 15֊-ը` ներառելով նաեւ «Մտքերի տոնավաճառ» խորագրով ցուցահանդեսը:


Սյուզաննա Ստեփանյան