Անկուսակցական Արամայիս Գրիգորյանը՝ խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Այսօր Հայաստանի խորհրդարանը պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց անկուսակցական պատգամավոր Արամայիս Գրիգորյանին, որը միակ թեկնածուն էր:

Արամայիս Գրիգորյանի օգտին, որի թեկնածությունը առաջադրել էր Դաշնակցության խմբակցությունը, քվեարկեցին 72 պատգամավորներից 70֊-ը, դեմ քվեարկեց մեկ պատգամավոր:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր»-֊ը դուրս էր եկել իշխող կոալիցիայից, իսկ այդ կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը հրաժարվել էր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից:

41-֊ամյա Արամայիս Գրիգորյանը մինչեւ 2003 թվականին մեծամասնական համակարգով պատգամավոր ընտրվելը եղել է Ավշարի գինու գործարանի գլխավոր տնօրենը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Դաշնակցության կողմից առաջադրված Արամայիս Գրիգորյանը չի պատրաստվում համալրել այդ կուսակցության շարքերը, հանձնաժողովի նորընտիր նախագահը պատասխանեց. - «Ոչինչ չի բացառվում»:


Ռուզան Խաչատրյան