Առաջին Հանրապետության դասերը

Առաջին Հանրապետության հռչակման խորհուրդը եւ նշանակությունը հայոց պետականության կայացման տեսանկյունից այսօր մտորելու եւ քննարկման առիթ էր դարձել Հայաստանի պետականության ձեւավորման հարցում իրենց ներդրումն ունեցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների` Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Կիրո Մանոյանի, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանի եւ Հայոց համազգային շարժման անդամ Հովհաննես Իգիթյանի համար:

Հայոց պետականության կառուցման գործում առաջին հիմնաքարը դրած Հայ հեղափոխական դաշնակցությունը Առաջին Հանրապետության հիմնական խորհուրդն է համարում այն փաստի հաստատումը, որ հայ ժողովրդի ու հայոց պետականության գոյությունը անքակտելի են:

Թե’ Դաշնակցությունը, թե’ կոմկուսը, որը Խորհրդային միության կազմում շարունակեց հայոց պետականության կայացման գործը, այսօր Առաջին Հանրապետության ամենանշանակալի դասը համարում են քաղաքական գործիչների նվիրվածությունը իրենց գործին, ինչը ներկայիս քաղաքական գործիչներին պակասում է: Միեւնույն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության եւ կոմկուսի ներկայացուցիչները ամենաէական բացթողումների շարքում նշում են հեռատեսության եւ դիվանագիտական հմտության պակասը:

Նորանկախ Հայաստանում առաջին իշխանությունը ձեւավորած ՀՀՇ-ի անդամ Հովհանես Իգիթյանը Առաջին Հանրապետության թերի ժառանգությունից առանձնացրեց չհստակեցված սահմանները` նշելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունների համար կար անկախություն ձեռք բերելու երկու ուղի` անկախության հռչակումը կամ անկախության վերականգնումը: Սակայն, եթե անկախության վերականգնումը հնարավոր էր 1940 թվականին այն կորցրած բալթյան պետությունների համար, Հայաստանը այդ ճանապարահով գնալ չէր կարող, որովհետեւ «հստակեցված չէին սահմանները»:

Հիմնական դասը, որը կարելի է քաղել Առաջին Հանրապետության պատմությունից, Հովհաննես Իգիթյանը համարում է Լեռնային Ղարաբաղի՝ դեռ այն տարիներին մղած ինքնուրույն պայքարի ու միառժամանակ ինքնուրույն գոյատեւման փաստը:

Թեեւ Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ լի բացթողումներով ու թերություններով, բոլոր ուժերի ներկայացուցիչները համամիտ էին, որ այն տարիներին անկախության կորուստը անխուսափելի էր ու ինչ-որ տեղ՝ օրինաչափ, եւ որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Առաջին Հանրապետությունը:


Սյուզաննա Ստեփանյան