Նոր օրինագիծ՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ

Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները արդեն ներառում են փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող դրույթներ, սակայն, ըստ Հրանուշ Խառատյանի, առաջարկվող օրենքը ընդհանրացնում ու հստակեցնում է այդ դրույթները: Օրենքում հստակեցվում է նաեւ «փոքրամասնություն» հասկացությունը մեր երկրում:

Հայաստանում «ազգային փոքրամասնություն» որակվելու համար պետք է համապատասխանել երկու կարեւոր պայմանների: «Ըստ առաջարկվող օրենքի նախագծի, Հայաստանի` 2000 մարդ ունեցող որեւէ բնակավայրի 15 տոկոսը կազմող կամ դիֆուզ երկրի տարածքում բնակվող 3000 հոգի կազմող եւ առնվազն 50 տարի Հայաստանում ապրող համայնքն է համարվում ազգային փոքրամասնություն, եւ իր ինքնությունը պահպանելու ու զարգացնելու հարցում կարող է ակնկալել պետության օժանդակությունը», - ասում է Հրանուշ Խառատյանը:

Հայաստանում բնակվող մոտ 11 ազգային փոքրամասնություններից ոչ բոլորն են կողմ այս օրենքի ընդունմանը: Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանի խոսքով, օրենքի նախագիծը մեխանիկորեն պատճենում է Սահմանադրության դրույթները՝ հաշվի չառնելով, որ մայրենի լեզվի օգտագործման հարցում օրենքի ձեւակերպումը որոշ անհասկացողություն է առաջ բերում: Օրենքում նշվում է, որ փոքրամասնության ներկայացուցիչները իրավունք ունեն ազատ օգտագործել եւ կրթվել իրենց մայրենի լեզվով, սակայն մայրենի լեզու է համարվում էթնիկ լեզուն, իսկ ասորիների միայն չնչին տոկոսն է տիրապետում գրավոր ասորերենին: Բնականաբար, նրանց համար ավելի հեշտ ու գերադասելի է կրթություն ստանալ ռուսերենով: Բայց ռուսերենով կրթություն ստանալու հարցում ասորիների համար մեծ խոչընդոտներ են առաջ գալիս:

Ասորիների համար բարդություններ են առաջանում նաեւ ասորերենի մասնագետների պատրաստման հարցում: Այն ասորի երիտասարդները, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ասորերեն եւ հետագայում դասավանդել դպրոցներում, ընդունվում են ԵՊՀ-ի արեւելագիտական ֆակուլտետ եւ, հայերենի իմացության պակասի պատճառով՝ հիմնականում վճարովի բաժին: Սակայն բյուջեից ասորի համայնքին հատկացվող գումարը բավարար չէ նույնիսկ մեկ ուսանողի ուսման վարձը վճարելու համար:

Կրթության հարցում խնդիրներ ունեն նաեւ Հայաստանի այլ ազգային փոքրամասնություններ: Մասնավորապես, եզդիների համայնքի խնդիրներից ամենամեծը, համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի խոսքով, մայրենի լեզուն դասավանդող մասնագետների, ինչպես նաեւ դպրոցական գրքերի պակասն է:

Հայաստանի հրեական կրոնական համայնքը խնդիրներ ունի առավելապես մշակութային ոլորտում: Համայնքի ներկայացուցիչ Գերշ Բուրշտեյնը առաջնահերթ է համարում Հայաստանում հրեական մշակութային եւ կրոնական կենտրոնի ստեղծումը:


Սյուզաննա Ստեփանյան