Freedom House. «Քաղաքական եւ գործարար վերնախավերը Հայաստանում սերտաճել են»

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր Երեւանում հրապարակած զեկույցում ասված է, որ Հայաստանի քաղաքական եւ գործարար վերնախավերը սերտաճել են, ինչը առաջ է բերել բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հասարակության ցինիկ վերաբերմունք:

«Հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգի բացակայությունը, նախագահական լիազորությունների կենտրոնացվածությունը, կառավարման համակարգի միակենտրոնությունը եւ անկախ քաղաքացիական ծառայության պակասը հանգեցրել են կառավարման համակարգի թուլությանը եւ կաշառառվածությանը: Պատճառներից մեկը երկրի քաղաքական եւ գործարար վերնախավերի սերտաճումն է, ինչը առաջ է բերել բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հասարակության ցինիկ վերաբերմունք»,֊ - կարծիք են հայտնել Հայաստանում քաղաքական բարեփոխումների վերաբերյալ զեկույցի հեղինակները:

Իրենց գնահատումը նրանք արտահայտել են 1-֊ից մինչեւ 7-֊ը սանդղակով, որտեղ 1-֊ը ներկայացնում է ժողովրդավարության զարգացման առավելագույն, իսկ 7-֊ը՝ նվազագույն մակարդակը: Հայաստանի «ժողովրդավարության միավորը» այս տարի 5,14 է, ինչը մի փոքր ավելի լավ է անցած տարվա ցուցանիշից: Հեղինակները դա պայմանավորել են այն հանգամանքով, որ անցած տարվա համեմատությամբ այս տարի ավելի լավ է գնահատվել դատարանների անկախության աստիճանը:

Freedom House-ի Հայաստանի հարցերով մասնագետ Աննա Ուոլքերը դա բացատրեց նրանով, որ հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս ապահովել դատարանի անկախության ավելի բարձր մակարդակ:

Իրավապաշտպան կազմակերպության գործադիր փոխտնօրեն Թոմ Մելիան հայտնեց, որ հետազոտություններ են անցկացվել 29 երկրներում:

«Հարավային Կովկասի երեք երկրների գնահատականնները գրեթե նույնն են եւ մնում են ցածր»,֊ - ասաց նա:


Արմեն Դուլյան